Ադրբեջանն Արցախում մզկիթներ է կառուցում այնտեղ, որտեղ երբևիցե դրանք գոյություն չեն ունեցել. պատմաբան
Ցավոք սրտի, Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Արցախի մշակութային վանդալիզմի դեպքերը երկրաչափական պրոգրեսիայով աճել են, մենք օրվա ընթացքում 10-ից ավելի վանդալզիմի դեպքեր ենք արձանագրում: Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչության մոտ հայտարարեց Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, պատմաբան Հովիկ Ավանեսովը:
«Վերջին շրջանում բավականին մեծացել են ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքերը՝ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը հիմնովին ավերվեց, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղն է ավիրված, հիմնովին ավիրված են նույն բնակավայրի Խծաբերդ գյուղը: Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հիմնովին ավիրվել են և որոշների տեղն այլ կառույցներ են հիմնում: Նույն դեպքն արձանագրվեց Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու հետ կապված, որի մզկիթի վերածման մասին ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս 2 տարի առաջ էր տեղեկատվություն տարածել»,-ասաց նա:
Ավանեսովն ընդգծեց՝ փաստերը վկայում են, որ ոչ միայն Բերձորում, այլ նաև Քարինտակում ու Հադրութում, որտեղ Ադրբեջանը մզկիթներ է կառուցում, երբևիցե մզկիթներ գոյություն չեն ունեցել:
Իսկ թե ինչպես պետք է կանխել այս ամենը նա ասաց, որ պետք է լծակներ կիրառվի Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե բավարարվել արարողակարգային հայտարարություններով, որին մենք ականտես ենք լինում վերջին շրջանում: «Հատուկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ինչպես Ադրբեջան պետության դեմ, այնպես էլ այն անհատների դեմ, որոնք այդ վանդալիզմն իրականացնում են»,- շեշտեց նա: