շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն Արցախի բնակիչներին ահաբեկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել, հարուցվել է քրգործ. Արցախի ՔԿ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն Արցախի բնակիչներին ահաբեկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել, հարուցվել է քրգործ. Արցախի ՔԿ

2021 թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք՝ Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998 թ. ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանն ստացել են հրազենային վիրավորումներ։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն: 
 
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։ Փաստի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արցախի Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ.-ն, տեղում մահացել է։

  • Կիսվել: