երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է շաբաթը: 

«2021 թվականի ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1054 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 63-ով:

Ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած շաբաթ հրդեհի մասին գրանցվել է 8 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Բոլոր դեպքերում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, կրակը չի տարածվել բնակելի տարածքներում: տուժածներ չկան:
 
911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 հաղորդում է ստացվել: Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին: Տուժել է 3 քաղաքացի: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ, ցուցաբերել առաջին օգնություն և վերջիններիս տեղափոխել բուժհաստատություն:
 
Սակրավորական ջոկատները շարունակում են համագործակցել ՌԴ ԱԻՆ սակրավորների, Արցախում գործող «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման գործընթացը: Շաբաթվա ընթացքում այս մասով ստացվել է 47 կանչ:
 
Շաբաթվա ընթացքում վնասազերծվել են հակատանկային 2 ական, 8 պայթուցիչ, հրթիռակասետային 8 և գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 ական և թնդանոթի 92 արկ:
 
Արտակարգ պատահար է գրանցվել Մարտակերտում: Հյուրատներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հիվանդանոց:
 
Կենցաղային բնույթի 38 զանգ է ստացվել: ԱԻՊԾ-ն շարունակում է բնակչությանն օգնելու մարդասիրական գործընթացը: Ամենշաբաթյա կտրվածքով խմելու ջուր է մատակարարվում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնապատ և Սառնաղբյուր համայնքների բնակիչներին:
 
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ նկատելի է դարձել օձերի շարժը: Շաբաթվա ընթացքում նաև օձի հայտնաբերման 2 դեպք է արձանագրվել:
 
Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը շաբաթվա ընթացքում 7 ելք է կատարել: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: