շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի նպատակը սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունն է. Արթուր Թովմասյան

Ադրբեջանի նպատակը սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունն է. Արթուր Թովմասյան

Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: 

Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի տարածած հայտարարության մեջ:
 
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր  խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին»,- գրել է Թովմասյանը:
 
Ըստ Խորհրդարանի նախագահի՝  Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասսայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:
 
«Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից  ուժի կիրառումը  և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության  միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին  ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը»,-  ընդգծել է Թովմասյանը:

  • Կիսվել: