երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելը նոր թափ է ստացել

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելը նոր թափ է ստացել

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին: Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում՝ անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

  • Կիսվել: