հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով ասուլիս է կազմակերպվել

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով ասուլիս է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով ասուլիս, որի հիմնական բանախոսներն էին Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում Հովիկ Ավանեսովն ասել է, որ խորագրի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1918 թվականին արհեստածին Ադրբեջան պետությունը կազմավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հիմքի վրա:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ասուլիսի հիմնական նպատակը հասարակությանը և միջազգային հանրությանը ցույց տալն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, դրանից առաջ էլ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպվածը, առաջին հերթին ցեղասպանություն է, որը միջազգային հանրության կողմից ոչ քաղաքական, ոչ իրավական գնահատականի չի արժանացել:Գնահատական չտալու պատճառով էլ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որը հիմք է տվել Ադրբեջանին նոր ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Դրա հետևանքին մենք ականատես ենք եղել 2016 թվականի պատերազմի ժամանակ, 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմագործողությունների ընթացքում. առհասարակ, միշտ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում էր հենց քաղաքացիական ենթակառուցվածքները և սոցիալական նշանակության կառույցները»,-նշել է Հ. Ավանեսովը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ քննարկվող համատեքստում պետք է առանձնացնել նաև Սումգայիթյան ցեղասպանությունը, որը բանախոսը չի որակում որպես ջարդ, քանի որ այն կազմակերպված է եղել պետական մակարդակով: «Քանի դեռ Ադրբեջանի կողմից իրականացված ցանկացած ցեղասպանություն դատապարտված չէ, մեղավորները չեն կրել իրենց պատիժը, նման հանցագործությունները կրկնվելու են աշխարհի ցանկացած երկրում»,-մասնավորապես ասել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ սկսած 1988 թվականից` Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները կրել են համակարգային և պարբերական բնույթ:

Բնութագրությունը հասանալի չէ

«1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած կոտորածը ցեղասպանական շղթայի առաջին մասն է, որը շղթայական ռեակցիայով տարածվեց Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքում և նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, և արդեն իսկ անկախության ձեռքբերումից հետո Արցախում սանձազերծվեց ագրեսիվ պատերազմ հայ ժողովրդի նկատմամբ, դրան հաջորդեց Ապրիլյան քառօրյան, իսկ գագաթնակետը եղավ 2020 թվականի պատերազմը: Մեզ համար շատ կարևոր է, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ սրանք հատուկենտ դեպքեր չեն, որոնք կարող են գրանցվել աշխարհի այս կամ այն կետում, այլ այդ պետության կողմից հովանավորվող, կազմակերպվող և իրականացվող համակարգված և պարբերական բնույթ կրող գործողություններ են, որոնք ուղղված են էթնոսի ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով տալիս է հենց «ցեղասպանություն» հասկացության ամբողջական սահմանումը»,-մանրամասնել է Գ. Ստեփանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա վստահեցրեց, որ 2020 թվականին տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վերաբերյալ հավաքագրված են ամբողջական փաստեր, որոնք համակարգված ներկայացվել են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կազմակերպություններին, և այսօր այդ հարցերը քննվում են նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում: Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

  • Կիսվել: