ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը. monumentwatch.org

Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը:

՛՛2022 թվականի հունիսի 27-ին Դավիթ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված  տեսանյութն (https://www.facebook.com/GorisToday/videos/1068721374056487) ակնհայտորեն ի ցույց է դնում թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, տեղափոխում Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը: Նույն  աղբյուրի համաձայն, այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղին հարակից հատվածից և անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:

Մեր արձագանքը

Մշակութային ժառանգությունը, որը ստեղծել է որոշակի համայնք, այս դեպքում` արցախահայությունը, արժեքավոր և իրական է այն ձևով, նշանակությամբ, տեղադրությամբ և լանդշաֆտով, որով այն ստեղծվել է և ցանկացած փոփոխություն ակնհայտորեն վնաս է հասցնում այդ ժառանգության իսկությանը, ամբողջականությանը և խաթարում է վերջինիս գործառույթը։ Մշակութային ցանկացած արժեք ամբողջական է դառնում նաև շրջակա տարածքի և բնության հետ փոխհարաբերություների արդյունքում և այն իր մշակութային լանդշաֆտից օտարելը խախտում է ժառանգության պահպանության սկզբունքներն, ինչպես նաև միջազգային բազմաթիվ չափանիշներ։ Խաչքարը տեղահանելով և տեղափոխելով նախ և առաջ խաթարվում է վերջինիս իսկությունն ու ամբողջականությունը։ Սկբմունքներ, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից և  այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Ժառանգության պահպանությունն իր պատմական բոլոր դրսևորումներով և ժամանակագրությամբ արմատավորված է ժառանգությանը վերաբերող արժեքներում և այն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը (Իսկության մասին Նարայի փաստաթուղթ, 1994թ․ Ճապոնիա): Իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն ունի մշակութային ժառանգության, պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Ժառանգության հուշարձանները պետք է քննության առնվեն և գնահատվեն դրանց պատկանելության մշակութային համատեքստի հիման վրա: Իսկության երևույթները կարող են ընդգրկել ձևը և նախագծումը, նյութերը և նյութակազմը, օգտագործումը և գործառույթը, տեղադրումը, ավանդույթները, գտնվելու վայրը և կատարաելաեղանակը, ոգին և զգացմունքները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնները: Նաև ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն՛՛,-գրել է կայքը:

  • Կիսվել: