ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը․ Vatican News

Ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը․ Vatican News

«Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում ընթանում է հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի, այսինքն` ավանդական քարե խաչերի սիստեմատիկ ոչնչացումը:

Դա արվում է այն աշխարհի լռության պայմաններում, որը չի ընդդիմանում այս մշակութային զտմանը:
 
Եվ չնայած Ադրբեջանը պաշտոնապես հերքում է այս տեսակի պրակտիկայի կիրառումը և ոչնչացումը վերագրում է ռազմական գործողություններին, «inter alia» BBC-ի լրագրողները փաստագրեցին բազմաթիվ վայրեր, որտեղ հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո հայկական ներկայությունը հողին է հավասարեցվեԼ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Vatican News-ի լեհական ծառայության հոդվածում:
 
Նշվում է, որ իտալական «Arcachu» նախաձեռնությունը, որը զբաղվում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությամբ, զգուշացնում է, որ «գրավյալ տարածքներում այն օրեցօր ոչնչացվում է ադրբեջանական ռեժիմի կողմից»: Ասոցիացիան այս գործողություններն անվանում է «մշակութային ցեղասպանություն, որը չի կարող անպատիժ մնալ»: Դրա վկայությունը գալիս է BBC-ի լրագրողի վերջերս հրապարակած ռեպորտաժից, որը, ի թիվս այլնի, փաստեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչնչացումը Շուշիում, նշվում է, որ ոչնչացվել են խաչն ու զանգակատունը։
 
Ենթադրվում էր, որ դա պատասխան է Ադրբեջանի նախագահի խրախուսանքի, որը գրաված տարածքներ այցելելիս ասել էր, որ եկեղեցիներից վերացվեն «բոլոր նշանները, որոնք, ինչպես ինքն ասաց, կեղծում են այդ հողերի պատմությունը»:
 
Լրագրող Ջոնահ Ֆիշերը այցելել էր նաև Սուրբ Աստվածամոր եկեղեցին տեսնելու, որից, սակայն, մնացել էին միայն հիմքերի քարերը:
 
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս միջազգային հանրությանը կոչ են արել վերջ դնել ադրբեջանական «մշակութային ահաբեկչությանը»: Ընդգծվել է, որ այդ գործողությունները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են և միջազգային պայմանագրերի լուրջ խախտում՝ այդ հողերի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար: Հետագա ավերածությունների հայտնաբերումից հետո այս կոչը նորացվեց: Հիշեցվեց, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը լուրջ հետևանքներ կունենա ապագայի համար և սպառնալիք է ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Նշվեց, որ հայկական աղոթատեղիների ոչնչացումն իրականացվում է ահաբեկիչների ոճով` այսպես կոչված Իսլամական պետության, որը ձգտում է վերացնել բոլոր նշանները, որոնք խոսում են այս հողերի քրիստոնեական արմատների մասին: Դժբախտաբար, անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագիրը չի տալիս որևէ ուղեցույց եկեղեցիների և վանքերի պաշտպանության համար, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում ապագայի համար»,-գրում է կայքը։

  • Կիսվել: