հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի. Սարուշենի գյուղապետ

Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի. Սարուշենի գյուղապետ

Սարուշենում ապրիլի 7-ի միջադեպից հետո հանգիստ է, թշնամին չի կրակում, գյուղացիներն էլ շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Սարուշեն գյուղի գյուղապետ Կարեն Գասպարյանը:

«Ոչ մի վախ չկա, գյուղացիները հանգիստ շարունակում են իրենց աշխատանքները: Սարուշենի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են, գյուղը լիովին վերաբնակեցվել է, դեկտեմբերից գործում է մանկապարտեզն ու դպրոցը, բուժկետ մարդիկ նորմալ կյանքով ապրում են»,- ասաց նա:

Սարուշենում այս պահին ապրում է 60 ընտանիք` 360 բնակչով: Գյուղապետի խոսքով` չնայած սահմանամերձ լինելուն, մարդկանց մտքով չի էլ անցնում թողնել գյուղը եւ հեռանալ:

«Նույնիսկ էդ կրակոցներից հետո էլ մարդ չկա, որ մտածի գյուղից հեռանալու մասին»,- հավելում է նա:

Պատերազմից հետո, գյուղապետի խոսքով, կրակոցներ շատ են եղել, սակայն թշնամին օդ է կրակել, վախեցնելու նպատակով, իսկ այս անգամ թիրախավորված կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ:

Գյուղապետը պատմեց, որ ապրիլի 7-ի դեպքի մասին իմացել են բոլորը, ոստիկանությունը, խաղաղապահները, սակայն պաշտոնական հայտարարությունը տարածվեց ապրիլի 12-ին, լրատվամիջոցներում լուրի տարածվելուց հետո:

Գյուղապետի խոսքով` ադրբեջանցիներն էլ են վախենում, նրանց ավտոշարասյունները շաբաթական 3-4 անգամ անցնում են իրենց գյուղի միջով:

«Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի: Իրենք էլ են վախենում, որ մի բան անեն, ժողովուրդն էլ իրենց մեքենաները կարող են վնասել: Մեր կողմից սադրանքներ չկան, հանգիստ գալիս, անցնում են գյուղով»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով` Սարուշենի գյուղացիները իր հրամանատարությամբ 44 օր պատերազմի ժամանակ չեն լքել գյուղը,մնացել եւ պաշտպանել են գյուղը. «Նույնիսկ 2-րդ կարգի հաշմանդամ մարդն է մնացել, գյուղից 2 զոհ ունենք: Մինչեւ վերջին օրը մնացել եւ պաշտպանել ենք գյուղը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

Սարուշենի միջադեպից հետո Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում հենակետեր կավելացվեն. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

 

  • Կիսվել: