ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանական ուժերն ունեն խաղաղապահների դուրսբերման հեռահար նպատակ. վարչապետ

Ադրբեջանական ուժերն ունեն խաղաղապահների դուրսբերման հեռահար նպատակ. վարչապետ

Գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և, ինչպես ասել եմ, այդ իրադարձությունների մեկնարկի հետ՝ խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց դրանից իրավիճակը չի կայունացել: Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստը արժեզրկելու համար և այս տեղային գործողություններն ունեն հեռահար, գլոբալ նպատակ՝ խաղաղապահների դուրս բերման օրակարգ ձևակերպելու համար՛՛:

Ըստ Փաշինյանի՝ երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել, և այս առումով բոլոր այդ գործողությունները դիտարկում են այս համատեքստում: ՛՛Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, ՀՀ-ն որևէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաև իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գործողությունները պետք է լուծենք խաղաղապահների, ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ՛՛,-նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ թեև այսօր նման հարց դնել, իհարկե, չի ստացվի՝ խաղաղապահների դուրսբերման, բայց ակնհայտ է, որ փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել։ Նա նաև կարևորեց, որ ՌԴ-ի արձագանքն այս իրադրությանը լինի համարժեք:

Նա ասաց նաև, որ Հին Թաղերում և Խծաբերդում գտնվում են ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, ադրբեջանական և հետախուզական տվյալներով՝ թուրքական որոշ ստորաբաժանումներ. ՛՛Իրավիճակը բավական լարված է, բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, կապի խնդիր կա, քանի որ տեղանքի, իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, որոնք ռուս խաղաղապահներն ունեն: Այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը պետք է գտնվի ՊԲ վերահսկողության ներքո՛՛:

Խոսելով եռակողմ հայտարարության մասին՝ վարչապետն ասաց, որ դրա երաշխավորը Ռուսաստանն է, և հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի, և հետևեն կոնկրետ քայլեր: Նա նշեց, որ իրադրությունն առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով:

 

  • Կիսվել: