երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանական բեռնատարը կարող էր թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսին գլորվել է ձորը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական բեռնատարը կարող էր թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսին գլորվել է ձորը. Արցախի ՄԻՊ

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ին, ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
«Մեքենայի մեջ, բացի վարորդից, եղել են երկու ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
 
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝
 
• ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը.
 
• բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը.
 
• տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ՝ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
 
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: