ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կենտրոն

ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կենտրոն

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով  Ռուսաստանին ու Իրանին ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն:

«Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ հրահանգով, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում, Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։

 Այս, արդեն իսկ հանրահայտ փաստը հաստատում են ոչ միայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և ԶԼՄ-ները, այլ նաև մի շարք պետությունների, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Սիրայի տարբեր պաշտոնատար անձինք։

 Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչությունը, օգտվելով Բաքվի իշխանությունների անհեռատես և կարճաժամկետ արդյունք հետապնդող քաղաքականությունից, Սիրիայում կրած խոշոր պարտությունից հետո, Թուրքիայի իշխանությունների միջոցով,փորձում է հաստատվել այս տարածաշրջանում և այն վերածել ահաբեկչական նոր կենտրոնի, ինչը ուղղակի սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև անմիջական հարակից պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը՝ ստեղծելով տարածաշրջանում անկայունության նոր գոտիներ:

Թուրքիայի և Բաքվի իշխանությունները, տարված Արցախը ամեն գնով ոչնչացնելու մոլուցքով, չեն էլ գիտակցում, որ ահաբեկիչներին այս տարածաշրջան բերելը, հովանավորելը, նրանց կողմից համապատասխան հենակետերի ստեղծմանն օժանդակելը և գործունեության ծավալման համար համապատասխան պայմանների ստեղծումը, եթե կարճաժամկետ կտրվածքով սպառնում են Արցախին, ապա երկարաժամկետ կտրվածքով գլոբալ սպառնալիք են և տարածաշրջանային պետություններին, և միջազգային անվտանգությանը, և հենց բուն Ադրբեջանի խաղաղ բնակչության համար:

 Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.

  1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում
  2. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար
  3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար»,-նշվում է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: