երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
90 ավտոբուսով Արցախից ՀՀ են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. ՀՀ-ն պատրաստ է ավտոբուսները կրկին ուղարկել ԼՂ

90 ավտոբուսով Արցախից ՀՀ են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. ՀՀ-ն պատրաստ է ավտոբուսները կրկին ուղարկել ԼՂ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 490, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 103, 84 956 անձ հաշվառվել է, որը Հայաստան ժամանած անձանց 85 տոկոսն է: Արական սեռի ներկայացուցիչները 41 056 են, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 43 900:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Հոկտեմբերի 1-ի դրությամբ յուրաքանչյուր անձի հաշվարկով փոխանցվելու է նաև 40 000 դրամ բնակարանի վարձակալության գումար և 10 000 դրամ կոմունալ ծախսերի գումար՝ 6 ամիս ժամկետով:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, որ ժամը 15:00-ի դրությամբ շուրջ 47 322 անձ օգտվել է պետական աջակցությամբ տրամադրված կեցավայրերից: Այն կազմում է տեղահանված անձանց շուրջ 47 տոկոսը: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2317 մարդ, Արարատի մարզ՝ 12395 մարդ, Արմավիրի մարզ՝ 4308 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 3848 մարդ, Լոռու մարզ՝ 2435 մարդ, Կոտայքի մարզ՝ 11368 մարդ, Շիրակի մարզ՝ 2231 մարդ, Սյունիքի մարզ՝ 4175 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1923 մարդ և Տավուշի մարզ՝ 2322 մարդ:

Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած անձ որևէ կարիքի դեպքում կարող է առաջնահերթ դիմել բնակավայրի պատասխանատուին կամ մարզպետարան և սեղմ ժամկետում այդ հարցին հրատապ լուծում կտրվի:

Գնել Սանոսյանը նշել է, որ 90 ավտոբուսով Հայաստան են տեղափոխվել տեղահանված այն անձինք, ովքեր սեփական փոխադրամիջոցներ չեն ունեցել և եթե անհրաժեշտ լինի, ապա ավտոբուսները կշարունակեն մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու նպատակով:

«Վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը... Իհարկե, եթե հիմա նման անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ ուղարկել: Արցախյան մեր գործընկերների հետ աշխատում ենք»,– նշել է Սանոսյանը:
 
Նա ընդգծել է, որ արցախյան գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։

  • Կիսվել: