հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
68 000-ից 126,000 դրամ․ Արցախում մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

68 000-ից 126,000 դրամ․ Արցախում մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Արցախի Հանրապետության  կառավարության որոշմամբ 2023 թվականի մարտի 29-ին հաստատվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը, որով նախատեսվում է օժանդակել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին՝ աշխատատեղերի պահպանման ու աշխատավարձի և այլ եկամուտների վճարման հարցում: 

Ինչպես տեղեկացնում է  ԱՀ պետական եկամուտների կոմիտեն՝  մասնավորապես, որոշմամբ նախատեսվել են աջակցության երկու ծրագրեր՝ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է գործատուներին՝ յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի փետրվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին՝ 136 000 ՀՀ դրամի չափով, իսկ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:

Նշված ծրագրերից չեն օգտվի Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի N 70-Ն և 2023 թվականի մարտի 10-ի N 147-Ն որոշումներով հաստատված հատուկ կարգերի խախտում թույլ տված այն տնտեսավարողները, որոնց պատասխանատու անձանց կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Հարկ վճարողները կարող են սույն թվականի ապրիլի 1-ից 30-ը ներառյալ ներկայացնել դիմում՝ http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով: 

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ կից հղմամբ

  • Կիսվել: