չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
44֊օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հուշատախտակը կտեղադրվի Ազատամարտիկների պուրակում

44֊օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հուշատախտակը կտեղադրվի Ազատամարտիկների պուրակում

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախաձեռնությամբ և հանրապետության և քաղաքային իշխանությունների պատասխանատուների անմիջական աջակցությամբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղադրված արցախյան երրորդ պատերազմում զոհված ազատամարտիկների լուսանկարները տեղափոխվելու են Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակ:

«Ճարտարապետ ենք հրավիրել, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների և զոհված զինծառայողների ծնողների ներկայությամբ տեղանքը ուսումնասիրվել է, և եկել ենք այն եզրակացության, որ այնտեղ հնարավոր է տեղադրել և ներկա դրությամբ իրականացվում է լուսանկարների հավաքագրում »,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա հավաստմամբ՝ չեն հապաղելու, գործընթացը սկսելու են, լուսանկարների առաջին խմբաքանակը լրանալուն պես՝ փոխանցելու են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

« Հուսով ենք, որ կարճ ժամանակում մեզ հաջողվելու է մեր բոլոր հերոսների լուսանկարներն ունենալ և նրանց անվանն ու գործին արժանի հուշատախտակ տեղադրել։ Պուրակն էլ հենց Ազատամարտիկների անունն է կրում »,- առանձնանշել է ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Նա նշել է նաև, որ զոհված զինծառայողների ծնողների հետ միասին են քննարկել, և բոլորն էլ այն կարծիքին էին, որ լուսանկարներն այդտեղից պետք է տեղափոխել և թարմացնել:

Բնութագրությունը հասանալի չէ

Զոհված զինծառայողի մայր Անժելա Ասրյանը ողջունում է ղեկավարության որոշումը: « Ուզում եմ խաղաղություն լինի, որպեսզի պահպանվեն մեր զավակների հիշատակին կանգնեցված բոլոր հուշակոթողները։ Որտեղ որդիս արյուն է թափել, զուլալ աղբյուր պետք է լինի, երազում եմ հուշաքար պատրաստել:

Շուշիում է զոհվել որդիս՝ Սասունը: 26 տարի ապրել ենք այնտեղ, սիրտս ցավում է Շուշիի համար »,- մեզ հետ զրույցում անկեղծացել է զոհված զինծառայողի մայը:

  • Կիսվել: