երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«44 օր». Լույս է տեսել Հռիփսիմե Հովհաննիսյանի՝ 44֊օրյա պատերազմի հերոսներին նվիրված գիրքը

«44 օր». Լույս է տեսել Հռիփսիմե Հովհաննիսյանի՝ 44֊օրյա պատերազմի հերոսներին նվիրված գիրքը

Լույս է տեսել Հայաստանի գրողների միության և Համաշխարհային պոեզիայի ասոցացիայի անդամ Հռիփսիմե Հովհաննիսյանի «44 օր» գիրքը:

Արցախյան 44֊օրյա պատերազմի հերոսներին նվիրված գրքի հեղինակը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում պատերազմը տագնապ, անքնություն ու բոթ համարեց։

Բնութագրությունը հասանալի չէ«Այն գլխատում է ապրված ամեն մի օրը։ Ուզում ես մաշկիցդ դուրս գալ, ցավը տանելու համար, բայց չի ստացվում։ Չգիտես՝ ինչպես պարպես այն գլխապտույտը, որտեղ մահվան իրական ուրվականը կյանքեր է հնձում։ Ուզում ես ճչալ` բավական է, բայց ձայնդ լսելի չի դառնում։ Ստիպված փակում ես ականջներդ, գոցում ես աչքերդ, ներսուզվում ես քո մեջ, որ չխելագարվես։ Այստեղ օգնում է գրիչը։ «44 օր» գիրքը արյամբ է գրվել, արցունքի մատնահետքերով։ Եթե անգամ վիրակապ չես կարող դնել, ուրեմն պիտի գտնես ուղին այլ օգտակարության։ Ես՝ գրողս, չէի կարող իմ ելակետով չմասնակցել պատերազմին և եղավ այն, ինչ կա։ Փորձեցի ժամանակին հանձնել մեր հերոսների դիմապատկերները, որոնք, ավաղ, շրջանակներից են նայում մեզ։ Բոլորին հնարավոր չէր անդրադառնալ։ Իմը մեծ ծովից վերցված մի քանի կաթիլներ են՝ 72 անուն»,֊նշել է Հ. Հովհաննիսյանը։

Գրողը վստահ է, որ շատ հերոսների դեռ անդրադարձ կլինի։ Նրանց մասին գրքեր էլի կգրվեն։ Նա ապրում է հավատով, որ Հայաստանի պատմության մեջ ալևս չի կրկնվի այդ մութ էջը։

  • Կիսվել: