44-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ է կատարել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:
Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:
Բացի այդ, 44-ամյա տղամարդը 2020 թ. նոյեմբերի 27-ին ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով, նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրի կնքման հայտ և կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր: Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: