կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
34 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, Բաքվի գործակալները արժանի հակահարված ստացան

34 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, Բաքվի գործակալները արժանի հակահարված ստացան

1988 թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում և Հադրութում տեղի ունեցած կուսակցական-տնտեսական ակտիվների ժողովների մասնակիցները միանշանակորեն արտահայտվեցին Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու օգտին:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«1988թ. փետրվարի առաջին տասնօրյակում Մոսկվայում Արցախի հերթական պատվիրակությունը նոր առաքելություն էր իրականացնում, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը սպառնալից քայլեր է ձեռնարկում արցախահայության արդար ձայնը խլացնելու համար:

Այդ նպատակով Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը՝ իր հետ բերելով վարչական մարմինների մի խումբ պատասխանատու աշխատողների, որոնք փորձել են հենց սկզբից մարել Շարժումը: Բաքվից ժամանած պաշտոնյաները սպառնալիքներ էին տեղում կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներում՝ արտահայտելով «ծայրահեղականների և ազգայնամոլների» հետ հաշվեհարդար տեսնելու իրենց մտադրությունը:

Անկոչ հյուրերի լկտի պահվածքն է՛լ ավելի շիկացրեց մթնոլորտը՝ սաստկացնելով ժողովականների և, ընդհանրապես, ժողովրդի վրդովմունքը: Շրջկենտրոններում տարերայնորեն սկսվեցին ցույցեր ու հավաքներ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դրանք հրահրված էին հենց Բաքվից ժամանած պաշտոնյաների բացահայտ ժխտողական կեցվածքով: Սակայն ակտիվի մասնակիցները խիստ հակահարված տվեցին Կոնովալովին, որը ստիպված թողեց նիստը: Բաքվի էմիսարները խուճապի են մատնվել` մանավանդ, որ շենքի մոտակայքում հանրահավաք էր: Նույն օրը հանրահավաքներ են կազմակերպվել նաև մյուս շրջաններում», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ժողովրդի ծոցից ելած և նրա շահերն արտահայտող մեր հայրենակիցներն այն ժամանակվա համար համարձակ ելույթներով, քննադատական խոսքով հակահարված տվեցին նախօրոք սերտած կեղծ բառապաշարով եկած պաշտոնյաներին, ինչը, փաստորեն, ցույց տվեց ժողովրդի անհողդողդ կամքը, նրա նպատակների լրջությունը:

  • Կիսվել: