կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
30 տարի առաջ այս օրը` փետրվարի 24-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերին պետական կարգավիճակ շնորհվեց

30 տարի առաջ այս օրը` փետրվարի 24-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերին պետական կարգավիճակ շնորհվեց

1992 թ. փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հատուկ որոշում ընդունեց ԼՂՀ ԻՊՈՒ-ի մասին:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ, պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Ելնելով նրանից, որ հայ բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանության, կողոպուտի, բռնությունների և հայկական գյուղերի բնակիչների բռնատեղահանության հետևանքով ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու կոչված կամավորական ջոկատներ, աչքի առաջ ունենալով Ադրբեջանի անթաքույց զավթողական գործողությունները ԼՂՀ-ի դեմ` զորահավաքի միջոցների հաշվառման և հանրապետության պաշտպանության ապահովման նպատակով կազմավորված զինված ջոկատները համարվել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեր և ենթարկվել միասնական հրամանատարության: Հանձնարարվել էր շրջգործկոմներին և զինկոմիսարիատներին ամսվա ընթացքում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում և զորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառում: ԻՊՈՒ-ում ընդգրկված զինապարտները համարվել են զինվորական ծառայության զորակոչվածներ: Հանձնարարվել էր ԼՂՀ զինկոմիսարիատներին՝ ԻՊՈՒ շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ անցկացնել ԼՂՀ շահերի համար պայքարում զոհված, անհայտ կորած և հաշմված անձանց վերահաշվառում: Ճիշտ ժամանակին ընդունված այս որոշումը կարևոր քայլ էր ԼՂՀ պաշտպանունակության բարձրացման ու ազգային անվտանգության ապահովման ճանապարհին և դրականորեն ազդեց հետագա իրադարձությունների վրա: Կարծում եմ, որ Հայրենյաց պաշտպանի օրը մենք պետք է նշենք հենց փետրվարի 24-ին, որովհետև այդ օրը ինքնապաշտպանական ուժերին պետական կարգավիճակ շնորհվեց, որոնք հետագայում փայլուն կերպով կատարեցին Հայրենիքի պաշտպանության առաքելությունը», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: