չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2021թ. աշխատանքներ են տարվել Արցախի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ. Միքայել Հայրիյան

2021թ. աշխատանքներ են տարվել Արցախի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ. Միքայել Հայրիյան

Համաձայն Հարավային Կովկասի շվեյցարական հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Էգգերի հետ ձեռք բերած պայմանավորվածության` աշխատանքներ են տարվում Վանքի տեղամասային հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցում:

Այն ավարտելուց հետո ծրագիրը կունենա շարունակություն այլ համայնքներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում բացումը նախատեսվում է առաջիկայում: 2021թ.-ին ԿԽՄԿ-ի կողմից կապիտալ վերանորոգվել և համապատասխան գույքով ու սարքավորումներով վերազինվել են Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է առողջապահության նախարարության բժշկական պահեստի առաջին մասնաշենքը, որը համալրվել է նաև համապատասխան սառնարաններով: Վերանորոգումը իրականացվել է պետական աջակցությամբ: Աշխատանքներ են տարվել Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման, այդ թվում` շենքի նկուղային հարկում նոր ամբուլատոր բաժանմունքի ստեղծման ուղղությամբ, որը վերանորոգվել է ԿԽՄԿ-ի աջակցությամբ, համալրվել նոր սարքավորումներով` Հայկական բժշկական հիմնադրամի և ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հովանավորությամբ», - նշել է Մ. Հայրիյանը:

  • Կիսվել: