երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2021 թվականը Արդարադատության նախարարության համար եղել է լարված աշխատանքային տարի. Արցախի ԱՆ

2021 թվականը Արդարադատության նախարարության համար եղել է լարված աշխատանքային տարի. Արցախի ԱՆ

Անցնող  2021թվականը Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության համար եղել է լարված աշխատանքային տարի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
 
«2021 թվականի ընթացքում նախարարության կողմից մշակվել են  66 օրենքների, կառավարության  27 որոշումների նախագծեր, որոնց գերակշիռ մասը ընդունվել է ԱՀ ԱԺ  և Կառավարության կողմից, իսկ մնացածը գտնվում են ընթացքի մեջ: Ընդունված իրավական ակտերով էական փոփոխություններ են կատարվել նոտարիատի  և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում: Ավելի քան 600  նորմատիվ իրավական ակտերի նախագծեր ենթարկվել են պետական իրավական փորձաքննության: Arlexis.am ծրագիր է ներմուծվել և վերջնական հաստատվել 2400-ից ավելի օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հարկադիր կատարման ծառայությունը 2021 թ. հարուցել է ավելի քան  6800 կատարողական վարույթներ,  որոնք օրենքով սահմանված կարգով գտնվում են կատարման փուլում:
 
Արցախում գործող  9 նոտարների կողմից կատարվել են շուրջ 19600 նոտարական  գործողություններ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել է 281 առևտրային և 34 ոչ առևտրային  տիպի իրավաբանական անձ, 416 իրավաբանական անձանց փաստաթղթերում օրենքով սահմանված կարգով կատարվել են համապատասխան ընթացիկ փոփոխություններ, իսկ 24 իրավաբանական անձի գործունեությունը դադարեցվել է»,-ներկայացրել է Ժ. Միրզոյանը՝ հավաստիացնելով, որ,
 
ընդհանուր առմամբ, գերատեսչությանը հաջողվել է լուծել առաջադրված խնդիրները և ապահովել համակարգի գործունեության բնականոն ընթացքը: 
 
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն երկրորդ տարին է, ինչ տարեմուտին ծանր ապրումներ ենք ունենում, և ձեռքբերումների ու, ընդհանրապես, անցնող տարվա մասին խոսելը շատ դժվար է։
 
«44-օրյա պատերազմը չսպիացող վերքեր է թողել մեր կյանքում, և 2022թվականից մեր ակնկալիքները կապված են միայն մեր հայրենիքի անվտանգությունն ապահովելու, տարածքային ամբողջականությունը  վերականգնելու և կայուն խաղաղության հետ: Ցանկանում եմ, որ 2022 թվականը լինի հայ ժողովրդի ակնկալիքների իրականացման  ու խաղաղության հաստատման տարի»,-նշել է Արդարադատության նախարարը։

  • Կիսվել: