երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գերիների թիվը պետական գաղտնիք չէ, Բաքվի բերդում 800 գերի կա. անհետ կորած զինծառայողի ծնող

Գերիների թիվը պետական գաղտնիք չէ, Բաքվի բերդում 800 գերի կա. անհետ կորած զինծառայողի ծնող

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Նրանցից մեկը՝ անհետ կորած զինծառայողի հայր Ռոման Գևորգյանը, ասաց, որ կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ Գևորգյանի՝ կան ծնողներ, որոնք տեսել են իրենց երեխաների նկարները հիվանդանոցներից, սակայն այժմ նրանց չեն կարողանում գտնել:

՛՛Երեխաների նկարները ցույց է տվել, ծնողներն իրենց երեխաներին տեսել են վերակենդանացման բաժանմունքներում պառկած, այսօր բերել են Երևան, այդ երեխաները ոչ մի հիվանդանոցում չկան: Փնտրել ենք, չկան: Մի շաբաթ է արդեն: Բուժհաստատությունում լուսանկար կա, ցույց է տվել առողջապահության նախարարը: Թող առողջապահության նախարարը գա, վզից կբռնենք, կտանի այնտեղ, որտեղ երեխաների նկարները ցույց է տվել: Ինքը պիտի մեր երեխաներին գտնի, տա մեզ՛՛,-ասաց նա:

Անհետ կորած զինծառայողի ծնողը նշեց նաև, որ առողջապահության նախարար ոչ մի բանով չի զբաղվում: ՛՛ԴՆԹ-ների հարցից սկսած... Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ՛՛,-հավելեց նա:

Ծնողն ասաց նաև, որ իրենց պիտի հստակ պատասխանեն, թե որտեղ են իրենց երեխաները: ՛՛Պետք է գերիների ցուցակները հայտնեն, դա պետական գաղտնիք չէ: Բաքվի բերդում 800 գերի կա: Մեզ պետք է՝ Բաքվի հետ խոսեն, իմանան՝ քանի գերի կա՛՛,-ասաց Ռոման Գևորգյանը:

 

  • Կիսվել: