հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետբյուջեի միջոցներով Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի տարածքում նոր դպրոց կկառուցվի

Պետբյուջեի միջոցներով Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի տարածքում նոր դպրոց կկառուցվի

ՀՀ կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, 1 մլրդ 772 մլն դրամի ներդրմամբ, Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տարածքում հիմնովին նոր, ժամանակակից դիզայնով դպրոց կկառուցվի։

Ինչպես հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից, 350 տեղ հզորությամբ նոր դպրոցն ունենալու է մեկ ընդարձակ մարզադահլիճ, մարզական մեծ խաղահրապարակ, շքեղ հանդիսությունների դահլիճ, ճաշարան, կանաչապատ բակ, լաբորատորիաներ, ընդարձակ ու նորագույն տեխնոլոգիաներով կահավորված դասասենյակներ, գրադարան և կրթադաստիարակչական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։

Նոր դպրոցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտների հեշտ տեղաշարժի համար։

Այս պահի դրությամբ կա դպրոցի կառուցման մրցույթը հաղթած կազմակերպություն, որը շուտով կսկսի շինարարությունը։

Նոր շենքի կառուցման սկիզբը՝ 2024 թ․, ավարտը՝ 2026 թ․։

Դպրոցն այժմ ունի 173 աշակերտ, արդիական պայմանների առկայության պարագայում նախատեսվում է աշակերտների թվաքանակի ավելացում:

Նոր դպրոցի շենքը կառուցվում է գործող դպրոցին պատկանող տարածքում, շինարարության ընթացքում աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի, մինչև նոր դպրոցի կառուցումը ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն ընթացքով՝ այժմյան դպրոցի շենքում։

Արագածոտնի մարզում Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվող 24 դպրոցներից 9-ը Թալինում են։

Կառուցվող դպրոցների մասին հրապարակումների շարքը շարունակելի է։

  • Կիսվել: