երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն

Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։
 
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։
 
«Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա վերցնելու եղանակով, սակայն նոր սարքը փորձագետին թույլ է տալիս նույն հետազոտությունն իրականացնել առավել սեղմ ժամկետում. եթե մեխանիկական եղանակով այն իրականացվում էր 2 ժամում, ապա այս սարքի միջոցով՝ ընդամենը 1-3 րոպեի ընթացքում։
 
Մատնահետքի նույնականացման փորձաքննություն նշանակվում է ըստ անհրաժեշտության, և «դակտո» քարտը (փաստաթուղթ) տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, այլ պետությունների դեսպանատներ և մի շարք պետական ու միջազգային կառույցներ ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: