հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի. Ավանեսյան

Մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի. Ավանեսյան

ՀՀ մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի։ Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
 
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց մարզերում շտապօգնության կայանների բաշխվածության մասին, ինչպես նաև, թե շտապօգնության ծառայության միջոցով հիվանդանոց տեղափոխվող մարդը որ դեպքում կարող է օգտվել անվճար բուժօգնությունից։
Նախարարը նշեց, որ այս տարի արդեն իսկ մեկնարկել է շտապօգնության հանրապետական ծառայության հիմնադրումը, և արդեն ստեղծվել է «Գյումրու շտապօգնություն» ՓԲԸ–ն, որը միավորել է ամբողջ Շիրակի մարզը։ Հաջորդ մարզը, որտեղ կիրականացվի այս ծրագիրը, Արագածոտն է լինելու։
 

«2025 թ. մենք պետք է ունենանք մեկ միասնական շտապօգնության ծառայություն։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Այսօր մեր շտապօգնության ծառայությունը մարզային ենթակայություն ունի, երբեմն ավելի մոտ գտնվող մեքենան ֆիզիկապես չի կարող գնալ սպասարկման, քանի որ այդ մեքենան պատկանում է այլ բժշկական կենտրոնի և տվյալ սպասարկման դաշտն իրենը չէ։ Այսպիսով մենք փոխում ենք սպասարկման ամբողջ սկզբունքը, և կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի»,– ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ քարտեզագրում են արել բնակչության տեղակայման, հիվանդացության հիմնական օջախների, սեզոնայնության հաշվարկմամբ` գնահատելու իրական պահանջարկն ըստ բաշխվածության, աշխարհագրական դիրքի և ճանապարհների։

  • Կիսվել: