չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մահացած զինծառայողի հարազատները թույլ չեն տալիս դիահերձում կատարել, նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին

Մահացած զինծառայողի հարազատները թույլ չեն տալիս դիահերձում կատարել, նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մի խումբ բնակիչներ այս պահին հավաքվել են Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում ու պահանջում, են պատասխանել իրենց տանջող հարցին՝ ի՞նչ պայմաններում է հրազենային վնասվածք ստացել 21-ամյա զինծառայող Արթուր Աջամյանը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 2-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:


Մահացած զինծառայողի հարազատները հայտարարում են, որ թույլ չեն տալիս դիահերձում իրականացնել, քանի դեռ դրա տեսագրման համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել:


«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու մինչև չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր»,-ակցիայի ժամանակ ասում էր տղայի հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը:
Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. «Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-նշեց խմբվածներից մեկը:


Նշենք, որ մամուլում այսօր հրապարակվել էր մի տեղեկություն, որի համաձայն, զինվորները վիճել են, և միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացել է, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել:

  • Կիսվել: