երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում բանկերը որպես միջնորդավճար գանձում են գործարքի 1%-ը․ «Հետք»

Հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում բանկերը որպես միջնորդավճար գանձում են գործարքի 1%-ը․ «Հետք»

«Հետքը» գրում է՝ Հայաստանում հաճախորդը «կրակն է ընկնում» հին դիզայնի և հին թողարկման (հիմնականում՝ 2006թ․) 100-դոլարանոցների ձեռքը, երբ փորձում է բանկերում այդ դոլարներով որևէ գործարք անել։

ՀՈդվածի հեղինակը մոտ մեկ ամիս առաջ դոլարային գործարք է արել, և գործարքի երկրորդ կողմը վաճառված գույքի դիմաց նրան կանխիկ դոլար է տվել, որի մեծ մասը՝ հին դիզայնի և հին թողարկման 100-դոլարանոցներով։

Դիցուք, դուք ցանկանում եք հին դոլարներով 8 հազար դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին, դրա 1%-ը՝ 80 դոլարը բանկը գանձում է և հաշվեհամարին փոխանցում է 7920 դոլարը։

«Եթե դոլարը 2009 թվականից առաջ է թողարկվել և, բնականաբար, հին դիզայնով է, քանի որ նոր դիզայնով դոլարները թողարկվել են 2009-ից հետո, յուրաքանչյուր տեսակի գործարքի դեպքում գանձում ենք գործարքի չափի 1 %-ը»,– ասացին բանկից։

Թե ինչու են նման բան որոշել, բանկի աշխատակիցները հստակ բացատրություն չեն տալիս՝ «մեզ մոտ այդպես է»։

Կարծելով, թե դա միայն նշված բանկի ռազմավարությունն է, այցելում եմ երկրորդ բանկ, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ։

Պարզվում է՝ առնվազն կես տարի է՝ հայաստանյան բանկերի մի մասը որդեգրել է այս ռազմավարությունը՝ եթե հաճախորդը հին դիզայնի և թողարկման դոլարով ցանկանում է կանխիկ գործարք անել, 100 դոլարն 99 դոլարի արժեք է ունենում, քանի որ գանձվում է դրա 1 %-ը (երբեմն՝ ավելի շատ)։ 

Հասկանալով, որ հին դիզայնի դոլարները գլխացավանք են դառնում, գործարքի երկրորդ կողմին խնդրում եմ գնալ այն բանկ, որտեղից վերցրել է այդ գումարը և խնդրել փոխարինել դրանք նոր թողարկման դոլարներով։ Հաճախորդը գումարը հանել է «ՎՏԲ-բանկ Հայաստան»-ից (VTB Armenia), որտեղ աշխատակցին հարցրել է՝ արդյոք կա՞ որևէ տարբերություն հին և նոր դոլարների միջև։ Բանկից պատասխանել են՝ «մեզ համար տարբերություն չկա»։

Այցելելով VTB բանկի մասնաճյուղ՝ հասկանում եմ, որ այստեղ բանալի բառը «մեզ համար»-ն է։ Իսկապես, VTB-ում հին դոլարներով գործարքների դեպքում միջնորդավճար չեն գանձում։ Սակայն, հաճախորդներին տրամադրում են հին դոլարներ, որոնք այլ բանկերում գլխացավանք են դառնում։ Բանկում հրաժարվում են դոլարները նորով փոխարինել, և որպեսզի չտուժեմ այլ բանկում դրանով գործարք անելիս, VTB-ում հաշվեհամար եմ բացում, որից դոլար կանխիկացնելը կլինի անվճար։ Սակայն, չեն երաշխավորում, որ կանխիկացնելիս նոր դոլարներ կտրամադրեն։ Կտան, «եթե մասնաճյուղում այդ պահին լինի նոր դոլար»։

Դրանից երկու շաբաթ անց, երբ գումարը կանխիկացնելու հարց է առաջանում, գնում եմ VTB-ի մեկ այլ մասնաճյուղ, որն այդ պահին ավելի մոտ էր ինձ և խնդրում եմ գումարը կանխիկացնել նոր դոլարներով, որ կարողանամ այլ փոխանակման կետում ավելի բարձր փոխարժեքով դրամ դարձնել։ Բանկում ասում են, որ անգամ մեկ նոր հարյուր դոլար չունեն։ Իսկ հին դոլարները վերցնելու դեպքում մեկ այլ բանկում կամ փոխանակման կետում դրամ դարձնելիս միջնորդավճար կգանձեին։

Ցանկանալով հնարավորինս շուտ ավարտել այս բանկի հետ իմ գործարքը և այլ ելք չունենալով՝ ստիպված կանխիկացնում եմ դրամով՝ տուժելով ցածր փոխարժեքի պատճառով։ Այդ պահին նշված բանկում 1 ԱՄՆ դոլարն արժեր 401 դրամ, ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող փոխանակման կետում՝ 404 դրամ։

Կենտրոնական բանկը չի միջամտում հին թողարկման ԱՄՆ դոլարների վերաբերյալ բանկերի ռազմավարությունը

ԱՄՆ դոլարի առքուվաճառքի ռազմավարությունները, պրոդուկտները, սակագները կամ փոխարժեքները ֆինանսական կազմակերպությունները որոշում են ինքնուրույն, և Կենտրոնական բանկը որևէ ձևով չի միջամտում այդ գործընթացին: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից։

Գլխավոր դրամատնից շեշտում են, որ որևէ արտարժույթի որևէ տարվա թողարկման դրամանիշերի՝ բանկերի կողմից սպասարկման պայմանների վերաբերյալ որևէ որոշում ԿԲ-ն չի ընդունում:

«Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման»,- նշված է պատասխանում։

ԿԲ-ն իրականացրել է մոնիթորինգ, որի արդյունքներից եզրակացրել է, որ հին թողարկման ԱՄՆ դոլարների նկատմամբ շուկայում կիրառվող սակագները պայմանավորված են հայաստանյան բանկերի՝ ԱՄՆ կանխիկ դոլար մատակարարող արտասահմանյան գործընկերների կամ թղթակից բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով:

«Ընդ որում՝ կարևոր ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների մի մասը հին թողարկման ԱՄՆ դոլարով առքուվաճառքի կամ իրենց հաճախորդների հետ իրականացվող համանման գործարքների համար որևէ միջնորդավճար չի կիրառում: Այս առումով պետք է նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան, մեր գնահատականներով, ներկայում խիստ մրցակցային է»,- նշված է պատասխանում։

Այսինքն, ըստ ԿԲ-ի՝ կան բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք այսօր միջնորդավճար չեն գանձում հին դոլարներով գործարքների դեպքում։ Հաճախորդին մնում է կամ ուշադիր լինել և փորձել խուսափել որևէ մեկից կամ որևէ բանկից հին թողարկման դոլար վերցնելիս, կամ գտնել փոխանակման կետեր, որտեղ միջնորդավճար չեն գանձում, եթե, իհարկե, կգտնվեն այդպիսիք։

  • Կիսվել: