հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը:

Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:

«Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ հանրության շրջանում գիտնականի դերի և գործունեության վերարժևորումը: Այս համատեքստում հատկապես կարևորվել է հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը՝ դպրոցականների և նախակրթարանների սաների ներգրավումը միջոցառումներում, ինչպես նաև ուսուցիչների ակտիվությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով, նախաձեռնության համար, նշել է, որ առաջարկվող ծրագիրը բովանադակային առումով համընկնում է գիտության ոլորտում պետության վարած քաղաքականությանը:

«Վերջին շրջանում մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են հանրակրթական դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումները դառնան ամենամյա և իրականացվեն դպրոցների հետ համատեղ՝ որպես կրթական ծրագրի կարևոր փուլ: Գիտության զարգացումը և հանրայնացումը ռազմավարական ուղղություն է. գիտության մասին պետք է շատ խոսել ամենատարբեր հարթակներում և ձևաչափերով, որպեսզի արդյունքում կարողանանք հանրային վարքականոն ձևավորել»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ գիտության հանրայնացմանն է միտված նաև 4-րդ անգամ անցկացվող Համադպրոցական գիտության փառատոնը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Գիտություն» ցուցահանդեսը, և այլ միջոցառումներ: Նախարարը նաև կարևորել է կազմակերպվող այդօրինակ միջոցառումների արդյունավետության չափելիության մեխանիզմների մշակումը:

Նշվել է, որ «Գիտության շաբաթ» փառատոնն անցկացվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսուցիչներին որպես թիրախային լսարան ընդգրկելու կարևորությանը՝ նրանց հմտությունները զարգացնելու, գիտության ոլորտում եղած հնարավորությունների մասին դպրոցներին իրազեկելու առումով: Քննարկվել են միջոցառման անցկացման վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր:

 
 

  • Կիսվել: