կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին

Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին

ՆԳՆ պատվիրակությունը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մարտի 5-7-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, աշխատանքային խմբեր՝ հետևյալ թեմաներով՝ թմրամիջոցների դեմ պայքար, կինոլոգիական ծառայություն, քրեագիտություն (դատաբժշկություն), ճանապարհային անվտանգություն, հանցագործության կանխարգելում, երթևեկության կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում, ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքար, կիբեռհանցագործությունների մեղմացում, ոստիկանության գլոբալ մրցունակության զարգացում և այլն։

Գագաթնաժողովին մասնակցում էին պատվիրակություններր 138 երկրներից:
Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբայի ոստիկանության պետ, Դուբայի ոստիկանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլլա Խալիֆա Ալ Մարրիի, Դուբայի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ահմադ Մոհամադ Ռաֆիի, դատական բժշկության և քրեագիտության գլխավոր վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ահմադ Թանի Բին Գուլաիտա Ալ Մհեիրիի, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը ներկայացնող գեներալ-մայոր Աբեյդալլահ Աբեդրաբուհ Մաիտահի, Իտալիայի Հռոմ քաղաքի ոստիկանության պետ Վիտորիո Պիսանիի, Անգոլայի Հանրապետությունը ներկայացնող ՆԳ նախարարի տեղակալ Ժոզե Պաուլինո Ցունհա դե Սիլվայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի կոմիսար Ռայմոնդ Սիու Չակ-յիի և այլոց հետ։ Քննարկվել են ոստիկանության համակարգերում առկա մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարներ։

Պատվիրակությունը մասնակցել է շուրջ 130 երկրների ներկայացրած անվտանգության և ոստիկանության ոլորտին վերաբերող ցուցահանդեսին՝ հավաքագրելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն։ Այցելել է Դուբայի ոստիկանության գլխամաս՝ ծանոթանալու ապացույցների հավաքագրման և պահպանման, քրեագիտական փորձաքննությունների անցկացման ընթացակարգերին, ինչպես նաև նշված ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքների անցկացման եղանակներին։

Հանդիպում է տեղի ունեցել նաև քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Տարիք Սուլթան Հիլալ Համիդի և Ինտերպոլի միջազգային հետախուզման մասի պետ, ոստիկանության մայոր Շուաիբ Ալհամմադիի հետ. քննարկվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ձերբակալման, պահման և հետ հանձնման ներպետական ընթացակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄԷ ոստիկանության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակահարմարության հարցը, որով հնարավորություն կընձեռվի Դուբայի ոստիկանությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ անցկացնել։

  • Կիսվել: