ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը, ամենայն հավանականությամբ, «ուղղակիորեն չի պատվիրվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, չնայած այն հանգամանքին, որ Նավալնին բացահայտ քննադատել է Ռուսաստանի նախագահին, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի կարծիքով, չնայած ընդդիմադիրի մահվան կասկածելի հանգամանքներին, «Պուտինը, հնարավոր է, Նավալնիին սպանելու մտադրություն չի ունեցել»։

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, այս կարծիքին են մի քանի ամերիկյան հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն և ԱՄՆ Պետդեպարտամենտի հետախուզական բաժինը։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը «համաշխարհային ասպարեզում ամբողջովին ազատված չէ Նավալնիի մահվան պատասխանատվությունից»։ Մասնավորապես, Լեհաստանի և որոշ եվրոպական հետախուզական գործակալությունների վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում  Ռուսաստանի նախագահի անմասն լինելու ենթադրություններին, իսկ Նավալնիի կողմնակիցները շարունակում են պնդել, որ դա Կրեմլի ձեռքի գործն է:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ քաղաքի գաղութում։ Մահվան եզրակացության մեջ ասվում էր, որ դրա պատճառները «բնական» են։ Քաղաքական գործչի զինակիցները կարծում են, որ Նավալնին սպանվել է։

  • Կիսվել: