հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազգային ժողովի աշխատակիցների երեխաները մայրիկներին ապրիլյոթյան տրամադրություն են պարգեւել աշխատավայրում

Ազգային ժողովի աշխատակիցների երեխաները մայրիկներին ապրիլյոթյան տրամադրություն են պարգեւել աշխատավայրում

Ազգային ժողովի աշխատակիցների երեխաները մայրիկներին ապրիլյոթյան տրամադրություն են պարգեւել աշխատավայրում, մայրիկներն էլ՝ բարեմաղթանքներ հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: ՀՀ ԱԺ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․
 
«Հասմիկ Հակոբյան
ԱԺ պատգամավոր
Երեխայի համար մայրիկը լավագույն օրինակն է: Երջանիկ մայրիկը երեխայի երջանիկ մանկության եւ նրա հետագա երջանիկ կյանքի երաշխավորն է: Այնպես որ, սիրելի՛ մայրիկներ, երջանիկ եղեք՝ երջանկացնելով ձեզ շրջապատող աշխարհը:
Հեղինե Խաչիկյան
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Որպես մայրիկ՝ բոլոր երեխաներին ցանկանում եմ, որ լինեն համարձակ եւ բաց աշխարհին, երբեք չտրտնջան դժվարություններից, ձգտենսիրով եւ աշխատանքով կատարելագործել իրենց շրջապատող աշխարհը, չվհատվեն ու չհանձնվեն նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամբողջ աշխարհը քո դեմ է: Ժպտան, սիրեն, թռչեն. կյանքը մեկ անգամ է տրվում, եւ պետք է այն արժանապատիվ ապրել։
Լաուրա Անտոնյան Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ
Աշխատանքը կարեւոր է ցանկացած մարդու կյանքում: Իմ աշխատանքն ինձ թեւեր է տալիս, մոտիվացնում ու դարձնում ինքնաբավ: Բայց լինում են պահեր, երբ զգում եմ, որ աշխատող մայրիկը հաղթում է Հենրիի մայրիկին: Ի դեպ, ծանոթացեք՝ 9 տարեկան ֆուտբոլիստ տղաս է, ով վստահ եմ՝ կհասկանա ինձ, երբ մեծանա, իսկ մինչ այդ՝ միասին կփորձենք ապահովել ոչ միայն Հենրիի ֆուտբոլային հաղթանակները, այլեւ՝ Հենրիի ՄԱՅՐԻԿԻ հաղթանակը:
Ինեսսա Միրզոյան
Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ
Ազգերի ապագան մայրերի ձեռքերում է։ Շնորհավոր ապրիլի 7:
Արփինե Ֆեդոսեեւա
Արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
Կինն ուզում է սիրել եւ լինել սիրված, գնահատել եւ լինել գնահատված, ստեղծել եւ վայելել ստեղծածի պտուղները, լինել երբեմն թույլ, բայց զգալ պաշտպանված։ Երբեք չհանձնվել, ամբողջ կյանքում կրթվել, մարզել ուղեղը, համեմատվել միայն ինքդ քեզ հետ անցյալում:
Մերի Վարդանյան
Արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ
Մայրությունը հրաշք երեւույթ է: Այն անսահման սեր, հոգատարություն ու անգին պարգեւ է՝ տրված Աստծո կողմից։ Աշխատանքը, անշուշտ, կարեւոր դեր ունի կնոջ կյանքում։ Այն մեզ դարձնում է առավել ինքնավստահ, ներկայանալի եւ հմուտ։
Արաքս Հասրաթյան
Արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ
Աշխատանքը կնոջ կյանքի կարեւոր մաս է, որը հնարավորություն է տալիս իրացվելու ոչ միայն որպես կին, այլ նաեւ՝ որպես հասարակության անդամ եւ մասնագետ։
Աննա Վարդանյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ
Իմ զավակին մաղթում եմ երջանիկ ապագա, խաղաղ ու անվտանգ հայրենիք եւ ուզում եմ, որ դառնա արժանիքահեն ու լավ մարդ, պիտանի եւ նվիրյալ զավակ իր հայրենիքին։
Հասմիկ Գորգինյան
ԱԺ պատգամավորի օգնական
Ես կարծում եմ, որ ցանկացած կնոջ համար կարեւոր է լինել գնահատված: Տարբեր տարիքում կնոջ ցանկություններն ու երազանքները տարբեր են լինում։ Ես, օրինակ, 10 տարի առաջ երազում էի բացառապես իմ անձնական հաջողությունների մասին։ Հիմա՝ կյանքի այս փուլում, իմ երազանքներն ավելի շատ կապված են երեխաներիս հետ։ Կինը, ով համատեղում է աշխատանքը եւ ընտանիքը, ավելի կայուն հոգեկան վիճակ կարող է ունենալ։ Բացառապես կենցաղային գործերով զբաղվող կինը, կարծում եմ, չի կարող լինել ինքնաբավ։ Ես շատ երջանիկ եմ, որ կարողանում եմ համատեղել աշխատանքս մայրության հետ»:
 

  • Կիսվել: