հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային. տեսանյութ

Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային. տեսանյութ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացել է թվով չորրորդ արյունատվության ակցիան, որն այս անգամ տեղի է ունեցել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում։ Արծվանիկի բնակիչ Նվեր Ստեփանյանը երկրորդ անգամ է մասնակցում արյունատվության ակցիային։ «Առաջին անգամ արյուն եմ հանձնել Գորիսի արյունաբանական կենտրոնում՝ 44-օրյա պատերազմի օրերին։

Այն ժամանակ Արծվանիկից 25-30 հոգանոց խմբով գնացել էինք արյուն հանձնելու», - ասել է նա։ Անցած տարվանից մեկնարկած արյունատվական նախաձեռնություններին՝ ներառյալ այս ակցիան, ընդհանուր առմամբ, մասնակցել են ազդակիր համայնքների մոտ 100 բնակիչներ։

Արծվանիկի մեկ այլ բնակիչ Արտյոմ Միրզոյանն էլ եկել է արյուն հանձնելու, որ օգնի արյան փոխներարկման կարիք ունեցող մարդկանց։ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Սյունիքի արյան կայանի տնօրեն Արթուր Առաքելանը շեշտել է, որ Արծվանիկի մի խումբ բնակիչներ բավականին մեծ օժանդակություն ցույց տվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ` դոնորական արյուն հանձնելով Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում։ «Պետք է ասեմ, որ դա պատերազմական իրավիճակում չափազանց անհրաժեշտ էր ոչ միայն արյան բանկը համալրելու, այլ նաև վիրավորներին օգնություն ցուցաբերելու առումով։

Մենք շատ բարձր ենք գնահատում Արծվանիկի բնակիչների այս նախաձեռնությունը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ կցանկանար՝ Արծվանիկի օրինակին հետևեն նաև Սյունիքի մարզի այլ համայնքները։

  • Կիսվել: