հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզի, ք. Արարատ, Աղբյուր Սերոբ, Օղակաձև խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին հայտնել են տեսչական մարմնից։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։

Տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։

  • Կիսվել: