ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անդրեասյանն անդրադարձել է ուսհաստատություններում մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման միասնական մեխանիզմների ներդրմանը

Անդրեասյանն անդրադարձել է ուսհաստատություններում մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման միասնական մեխանիզմների ներդրմանը

2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում ներառված են կրթության և մշակույթի իրավունքների իրացման հարցերը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում այսօր կայացած քննարկման ժամանակ։

Նախարարը տեղեկացրել է, որ համալիր ծրագրում կա երկու հիմնական ուղղություն՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում և մշակութային իրավունքների խթանում ու ապահովում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման միասնական մեխանիզմների, ժեստերի լեզվի լրացուցիչ կրթական ծրագրերի ներդրմանը:

Նախարարը ներկայացրել է նաև թանգարաններում, գրադարաններում և ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող մատչելի ծրագրերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ 2023 թ. ներդրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ, իրականացվել են անձի ֆունկցիոնալությունը գնահատող բժիշկ մասնագետների վերապատրաստումներ: 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆունկցիոնալության գնահատում է անցել 11.109 անձ, հաշմանդամություն է սահմանվել 9.683 անձի նկատմամբ: Խոսելով ծառայությունների բարելավման մասին՝ նախարարն անդրադարձել է համայնքահեն ծառայություններին, տնային խնամքի ընդլայնմանը վերաբերող ծրագրերին, դրանց իրազեկման աշխատանքներին:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտը կարգավորող պետական կառույցների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովման համար լրացուցիչ ջանքեր ներդնելու անհրաժեշտություն կա»,- նշել է Զարուհի Բաթոյանը՝ կարևորելով 2023 թ. տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները:

  • Կիսվել: