հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Կինոյի տան ճեմասրահում բացված Վալենտին Պոդպոմոգովին նվիրված ցուցահանդեսում, առավել հանգամանալից ծանոթացել տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական բացառիկ նմուշներին։

Ցուցադրության մեջ ներկայացված էին Վալենտին Պոդպոմոգովի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, ինչպես նաև նրա պատրաստած մեխանիկական սարքերը:

Երեկոյի առանցքում Վալենտին Պոդպոմոգովի «Խորհրդավոր ընթրիք կամ «Sors» հայտնի կտավն էր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներառված էին Վալենտին Պոդպոմոգովի մասնակցությամբ արխիվային տեսանյութեր, հատվածներ նրա կյանքից և ստեղծագործական ուղուց: Ֆիլմում և բեմում մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները, նրա ընկերներն ու գործընկերներն էին, որոնք հետաքրքրաշարժ դեպքեր, զվարճալի դրվագներ էին պատմում բազմատաղանդ արվեստագետի մասին:

ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար Արարատ Աղասյանը ներկայացրել է Վալենտին Պոդպոմոգովի գեղանկարչական ժառանգությունը, կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսել է նրա ֆլմերի բացառիկության մասին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացրել է համատեղ ստեղծագործական աշխատանքները, իսկ ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյանը հիշել է Երևանի Կամերային թատրոնի հետ անվանի արվեստագետի մեծ կապի և ստեղծագործական անգնահատելի ներդրման մասին։

Ֆիլմում ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, Երևանի երկար տարիների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանը պատմել են Վարպետի հետ իրենց անցած ուղու, ընկերության, ստեղծագործական համատեղ աշխատանքի և Վալենտին Պոդպոմոգով ֆենոմենի մասին։

Մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները յուրովի են ներկայացրել Վալենտին Պոդպոմոգովին, սակայն յուրաքանչյուրի խոսքի առանցքում տաղանդավոր դերասան, գրաֆիկ նկարիչ, գեղանկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմք, բեմանկարիչ, քանդակագործ, ազդագրերի և գրքերի ձևավորող, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անուրանալի տաղանդը և բացառիկ, անկրկնելի կերպարը։

Նշենք, որ հոբելյանական երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարն է հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Նիկոլայ Դավթյանը, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:

  • Կիսվել: