հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Զատիկ» կենտրոնի անչափահասների սեռական բռնության գործը մտել է դատարան․ 3 տուժած կա․ «Հրապարակ»

«Զատիկ» կենտրոնի անչափահասների սեռական բռնության գործը մտել է դատարան․ 3 տուժած կա․ «Հրապարակ»

Նախորդ տարի մի քանի աղմկահարույց հրապարակումներ եղան այն մասին, որ Երեւանի «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում սեռական բռնության դեպքեր են եղել։ Անչափահասներից մեկն է հղիացել: Կենտրոնում տիրող աննախանձելի իրավիճակի մասին զեկույցներ հրապարկվեցին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ տվեցին:

ՀՀ քննչական կոմիտեից այսօր «Հրապարակ»-ին հայտնեցին, որ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել Կենտրոնի հետ կապված, մեկը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մյուս վարույթով դեռևս նախաքննությունը շարունակվում է։ 

«Այդ վարույթով եւս մեկ անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում կա հարուցված, նա կալանավորված է։ Այս վարույթի շրջանակներում քննության առարկա է նաև մանկատան աշխատակիցների վարքագիծը՝ աշխատանքային պարտականություններում հանցավոր թերացումների առնչությամբ, որի մասով ևս իրավական գնահատականներ կտրվեն»,-մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դատարան ուղարկված գործով 3 տուժող կա։ Կալանավորված անչափահասը սեռական ոտնձգություն է գործել նույն կենտրոնում ապրող 3 անչափահաս աղջիկների նկատմամբ։ 

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ պարբերաբար այս հաստատությունում սեռական ոնտձգության, ծեծի, եւ այլ տեսակի հանցավոր տարրեր պարունակող դեպքեր են գրանցվում։ Վերջինը անչափահաս 15-ամյա Ն․ Բ-ի հանդեպ կատարված սեքսուալ բռնությունն էր։ Նախնական տվյալներով, նա հայտնել է Ավանի հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցներին, որ մանկատան երեք սաներն իր նկատմամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել։ Անչափահաս աղջիկը հնչեցրել էր նաեւ տղաների անունները։

Ավելի ուշ պարզվել է, որ դեպքից հետո Ավանի կենտրոն դիմած երեխան հոգեկան խնդիրներ է ունեցել, ախտորոշումը՝ «սուր հալյուցինատոր համախտանիշ»։ Քննչական կոմիտեից քրեական վարույթների վերաբերյալ որեւէ այլ տեղեկություն չհայտնեցին՝ ելնելով անչափահաս երեխաների լավագույն շահից։ «Այլ տեղեկություն չեմ կարող տրամադրել, քանի որ եւ՛ տուժողն է անչափահաս, և՛ կատարողը», - ասաց Գոռ Աբրահամյանը։

  • Կիսվել: