երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ճախրուկը» միմյանց սեր և ջերմություն տալու մասին է. Անահիտ Մանասյանը մասնակցել է էթնո երաժշտախմբի համերգային ծրագրին

«Ճախրուկը» միմյանց սեր և ջերմություն տալու մասին է. Անահիտ Մանասյանը մասնակցել է էթնո երաժշտախմբի համերգային ծրագրին

Դեկտեմբերի 26֊ին տոնական տրամադրություն էր «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մարդու իրավունքների պաշտպանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ճախրուկ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ամանորյա համերգային միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների սաները:

Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Նրանք հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ: Անահիտ Մանասյանը, իր հերթին, մեծ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար քույրերին պարգևատրել է Պաշտպանի շնորհակալագրով:

«Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Արդյունքում՝ յուրաքանչյուրիս այդպիսի ապրելակերպի շնորհիվ, աշխարհը վերափոխելու և այն ավելի լավը դարձնելու հնարավորություն է ստեղծվում: Կարծում եմ, «Ճախրուկը» հենց դրա մասին է. մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի անդամների հետ շփվելիս», – ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին:

Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը զարդարել է բարություն, առատություն, կյանք և աշխարհի զարգացում խորհրդանշող Կենաց ծառը, այնուհետև հաստատությունների սաներին հանձնել ամանորյա նվերներ: Պաշտպանը վերահաստատել է, որ միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին:

  • Կիսվել: