երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել

NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Այդ շրջանակներում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի հրավերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (NESA) ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի քննչական մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված փորձի ձեռքբերման և կրթական կարիքներին։

ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում առաջատար դիրքեր ունեցող պետությունների, մասնավորապես ԱՄՆ ինստիտուցիոնալ համակարգերին և կարողություններին Կոմիտեի քննիչներին ծանոթացնելու համատեքստում ԱՄՆ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ գործակցության հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ մոտակա ամիսների ընթացքում կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում քննիչների կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ իրականացնելու շուրջ։

  • Կիսվել: