երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔԿՀ-ներում կներդրվի նոր անվտանգային կառավարման ստորաբաժանում

ՔԿՀ-ներում կներդրվի նոր անվտանգային կառավարման ստորաբաժանում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում։

Նախագծի նպատակն է Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավումն և պահպանումը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավումը։

Ներկայումu քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։

Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է կառավարման խնդիրների ծագմանը։

Մինչդեռ այս ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի ՔԿՀ-ների կենսագործունեության համար՝ արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։

Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է ՔԿՀ-ներում ստեղծել նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, հնարավորություն կընձեռի նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե՛ արտաքին պահպանության, թե՛ ՔԿՀ-ի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։

Նախատեսվում է, որ անվտանգային կառավարման ստորաբաժանում առաջին անգամն ընդունվող անձինք, ովքեր ուսումնական դասընթացներից հետո կստանան դրական գնահատական կհամարվեն ատեստավորված և նրանց համար կհաշվարկվի հավելավճար։

Սկզբնական շրջանում անվտանգային կառավարման ստորաբաժանումը կներդրվի «Սևան» ՔԿՀ-ում:

  • Կիսվել: