երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարինե Հայրապետյանը հրաժարվել է իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Նարինե Հայրապետյանը հրաժարվել է իրեն առաջարկված հատուկ պաշտպանության միջոցից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝  ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը որոշ հանգամանքներ է ներկայացրել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։
 
«ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիակնության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։
 
Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։
Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։
 
Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։
Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։
 
Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։
 
Նախաքննությունը շարունակվում է»։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տեսաուղերձով հայտնել էր, որ իր հայրենիքից հեռանալ պայմանավորված էր  կյանքին վտանգ սպառնալու ինչպես նաև ոստիկանության կողմից բռնաճնշումների ենթարկվելու հանգամանքով։

  • Կիսվել: