երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը. նախագիծ

Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը. նախագիծ

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Հայտնի է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը կենտրոնական Հայաստանի խմելու ջրի մատակարարման հեռանկարային ջրաղբյուրն են, իսկ Սևանա լճի ձկնային պաշարները կարևոր տեղ են գրավում հանրապետության բնակչության սննդաբաժնում, և մեր պետության բարդ, ճգնաժամային, շրջափակման և պատերազմական ժամանակահատվածում Սևանա լճի կենսառեսուրները կենսական նշանակություն են ունեցել բնակչության կենսապահովման համար, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ, նախատեսել արգելք՝ լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաև կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար ՇՄ նախարարի հրամանով հստակեցնել Արարատյան դաշտն ընդգրկող Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ցանկը:

Մեկ այլ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր կիրառել, ինչպես նաև խստացված վարչական պատասխանատվություն՝ լուծարված հողերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման պահանջը չկատարելու համար:

Գործող պատասխանատվության միջոցներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը, և դրանց համար սահմանվել առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝ լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրների ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու համար և եթե դա խոշոր չափերի է, գույքային կամ էական վնաս է պատճառել անձին կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, ջրային պաշարներին, հողին, հասրակությանը կամ պետության շահերին:

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150 հազար դրամը գերազանցող գումարը:

Գաբրիելյանի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, ինչպես նաև նախագծերի ընդունումը կնպաստի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը:

  • Կիսվել: