ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել. Գոռ Աբրահամյան

Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել. Գոռ Աբրահամյան

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է.

«Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, և սա դեռևս խնդիր է»:
 
Նշենք, որ մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել էին:
 

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը:

2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Միաժամանակ, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (հանցանքն առերևույթ կատարվելու պահին դեռևս ՀՀ Քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

  • Կիսվել: