կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանությունները շարունակում են ձերբակալությունն օգտագործել որպես պատժիչ գործիք. Մկրտչյան

Իշխանությունները շարունակում են ձերբակալությունն օգտագործել որպես պատժիչ գործիք. Մկրտչյան

Կառավարող թիմը շարունակում է ձերբակալությունն օգտագործել որպես պատժիչ գործիք՝ իշխանության բռնազավթումը երկարացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին խոսում են արդեն միջազգային կառույցներում։ Այնտեղ նաեւ նշում են իշխանությունից դատական համակարգի կախման մասին։

«Դատավարությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, որը շարունակվում է արդեն 10 ամիս, ամեն անգամ սկսվում է նյութական վնաս պատճառելու մեղադրանքով։ Սակայն դեռ ոչ մի անգամ չեն հրապարակվել ոչ վնասը, ոչ տուժածները։ Փոխարենը ձերբակալության ժամկետը ամեն անգամ երկարացվում է»,- ասել է Մկրտչյանը։

Մեկ այլ ընդդիմադիր՝ Մամիկոն Ասլանյանը, շարունակել է Մկրտչյանը, եթե հենց հիմա ընդուներ իրեն վերագրվող հանցագործության մեղք եւ դադարեր պայքարել իր արդարացման համար, ազատության մեջ կլիներ արդեն այսօր, քանի որ վաղեմության բոլոր հնարավոր ժամկետերն արդեն սպառվել են։

«Այս ամենն արվում է ճնշում գործադրելու եւ վախեցնելու նպատակով, քանի որ իշխանության բռնազավթման երկարացման այլ ճանապարհ իրենք չունեն»,- կարծում է խորհրդարանականը։

Սակայն իշխանության անմարդկային եւ անօրինական գործողությունները, նրա կարծիքով, չեն կարող մարդկանց ստիպել, որ լռեն։

  • Կիսվել: