կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրավական հարցերով քննիչ հանձնաժողովը ԱԺ է հրավիրելու Գագիկ Ջհանգիրյանին ու Կարեն Անդրեասյանին․ Վարդևանյան

Իրավական հարցերով քննիչ հանձնաժողովը ԱԺ է հրավիրելու Գագիկ Ջհանգիրյանին ու Կարեն Անդրեասյանին․ Վարդևանյան

Հանձնաժողովն ուսումնասիրելու է, թե ինչ է կատարվում դատական համակարգում, ինչու մինչ օրս չի գործում պատահականության սկզբունքով դատական գործերի մակագրման համակարգը, ինչու են քաղաքական գործերը մակագրվում կոնկրետ դատավորների, ինչու է Արդարադատության նախարարությունը կարգապահական պատասխանատվության վարույթներ կիրառում այն դատավորների նկատմամբ, որոնք վայելում են ինչպես հասարակության, այնպես էլ մասնագիտական հանրույթի վստահությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով իրավական հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հիմնական նպատակները:

«Քննիչ հանձնաժողովը հենց այսօր հասցեագրելու է գրություններ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն՝ ներկայանա ԱԺ և պատասխանի այն հարցադրումներին, որոնք կներկայացվեն հանձնաժողովի կողմից։ Գրություն է հասցեագրվելու նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, մի շարք այլ անձանց, այդ թվում՝ փաստաբանների, որոնք կցանկանան ներկայացնել որոշակի տեղեկություններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Վարդևանյանը։

  • Կիսվել: