երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ն հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է պատասխանել սև խավիարի և վարչապետի մասին իր գրառմանը վերաբերող հարցերին

ՀՔԾ-ն հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է պատասխանել սև խավիարի և վարչապետի մասին իր գրառմանը վերաբերող հարցերին

Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ: Այս մասին Infoport.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՔԾ-ից:

ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ:  

Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է, հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ: 

Այնուհետև Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով: Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որևէ դատավարական պարտականություն, դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը: 

Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից տրված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց»:

Նշենք, որ հարցաքննությունից հետո Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, իբրև թե ՀՔԾ-ն համաձայնել էր իր հրապարակման հետ՝ վարչապետի կողմից 3000 դոլարով սև խավիար ձեռք բերելու վերաբերյալ: Նա նաև նշել էր, որ քննիչը գրի չի առել իր ցուցմունքների մի մասը, մասնավորապես՝ այն հատվածը, ըստ որի՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը իբրև թե կապ ունի Սորոսի հիմնադրամի հետ: Ըստ Սամսոնյանի՝ այդ հայտարարությունն ուղիղ կապ ուներ տվյալ գործի հետ, և դրանք ցուցմունքում չներառելը, ըստ իրեն, խայտառակություն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամսոնյանը հայտարարել էր, իբրև վարչապետի ընտանիքը ամեն ամիս երևանյան ռեստորաններից մեկում կիլոգրամը 3000 դոլարով սև խավիար է ձեռք բերում:

  • Կիսվել: