երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ում էականորեն աճել են համակարգչային հափշտակության դեպքերը

ՀՀ-ում էականորեն աճել են համակարգչային հափշտակության դեպքերը

Հայաստանում աճել են խարդախության դեպքերը 493-ով կամ 24.9 տոկոսով (2022 թվականին՝ 1979, 2023 թվականին՝ 2472), համակարգչային հափշտակության դեպքերը՝ 169-ով կամ 36.7 տոկոսով (2022 թվականին՝ 461, 2023 թվականին՝ 630)։

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

Գլխավոր դատախազությունը խարդախությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերի աճը պայմանավորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ:

Տարեկան հաղորդման մեջ առանձնացվել են խարդախությամբ անձնական գույքի հափշտակության մի քանի տարածված մեխանիզմներ․

Հանցավորը տուժողին համոզում է ներդրում կատարել «Forex», «Binance» առևտրային հարթակներում։ Տուժողը փոխանցում է գումար և իբր սկսում մասնակցել բորսայում իրականացվող գործարքներին: Արդյունքում՝ հաշվին արագ կերպով որպես շահույթ ավելանում են գումարներ, իսկ երբ տուժողը ցանկանում է դրանք կանխիկացնել, հանցավորի կողմից առաջարկ է ստանում այդ գումարը կանխիկացնելու համար ևս կատարել ներդրում՝ հաշվին առկա գումարի ինչ-որ տոկոսի չափով։ Ներդրում կատարելուց հետո գումարը հափշտակվում է:

Հանցավորը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված՝ «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրում է մտացածին «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ, ինչի հիման վրա նույն սոցիալական կայքի որոշ օգտատերեր վարկ ստանալու նպատակով նշված էջերում զետեղված հեռախոսահամարներով կապ են հաստատում հիշյալ անձանց հետ կամ վարում են նամակագրություն, որի ընթացքում հանցավորը, վարկի տրամադրման հետ կապված նոտարական, ապահովագրական, ինչպես նաև այլ ծախսեր կատարելու պատրվակով՝ տուժողից պահանջում է «Ria» և «MoneyGram» համակարգերի միջոցով իրականացնել դրամական փոխանցումներ։ Դրամական միջոցները ստանալուց հետո վարկեր չեն տրամադրվում, իսկ գումարները՝ հափշտակվում:

Հանցավորը համացանցի «List.am» ապրանքների վաճառքի կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ «Whatsapp» հավելվածում գործող հեռախոսահամարների միջոցով կապ հաստատելուց հետո, հանդես է գալիս որպես գնորդ կամ ծառայությունների մատուցման պատվիրատու և առաջարկում նախօրոք վճարել՝ գումարներն առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: Այդ նպատակով տուժողը հանցավորին է տրամադրում իր բանկային քարտի դիմերեսի և դարձերեսի վավերապայմանները, որոնց օգտագործմամբ հափշտակվում են բանկային քարտերում առկա գումարները:

Գլխավոր դատախազությունը նշում է, որ համակարգչային հափշտակության դեպքերի աճը պայմանավորված է համակարգչային միջոցների և ծրագրերի զարգացմամբ, ֆինանսական տարատեսակ ծառայություններ մատուցելու ոլորտում համակարգչային նորարարությունների ներդրմամբ, դրան զուգահեռ՝ այդ ծառայությունն ապահովող ծրագրերում թերությունների առկայությամբ։

«Նշված հանցատեսակների աճը պայմանավորվում է նաև նրանով, որ բանկային գործառնությունների կատարման գործընթացներում ներառվել է տարատեսակ գործարքների գումարներն առցանց եղանակով փոխանցելու հնարավորությունը, սակայն բավարար չափով չեն կատարելագործվել բանկային վերահսկողական մեխանիզմները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգչային հափշտակություններով լուրջ գույքային վնասներ են պատճառվում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իսկ առանձին դեպքերում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվում նշված հանցագործությունների մեխանիզմների վերաբերյալ պարբերաբար, տարբեր եղանակներով (լրատվամիջոցներ և այլն) հանրությանն իրազեկելու ուղղությամբ։ Բացի այդ, Դատախազության կողմից համապատասխան գրություններով իրավասու մարմինները տեղեկացվում են բանկային վերահսկողական մեխանիզմների ու վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգերի բարելավման անհրաժեշտության վերաբերյալ»,- նշված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

  • Կիսվել: