կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում:

Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագծի հեղինակը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության գործընկերների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել և մեծամասամբ ընդունվել են, իսկ առարկությունների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ չբացառելով հետօրենսդրական վերահսկողության շրջանում նոր փոփոխությունների հավանականությունը: Նա, կարևորելով օրենսդրական նախաձեռնության կիրարկումը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն. նախագծի հեղինակի հետ առաջարկն իրացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ առաջարկվել է օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելու նպատակով զենքի կանոնների որոշակի փոփոխության հարցն առանձին քննարկել:

Օրենսդիրն ու Կառավարությունը փոխհամաձայնության են եկել օրենքի 37-րդ հոդվածի հարցում. առաջարկվում է զենքով պարգևատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգև տրված զենքը մալելու և նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսել: Կառավարությունն առաջարկել է նաև ձեռնպահ մնալ Քրեական օրենսգրքում որևէ փոփոխություն կատարելուց:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության գործընկերներին ինքնաձիգով ապահովելուն վերաբերող օրենսդրական դրույթի ներառումը: Նա առաջարկել է նախագծում ամրագրել բացառություն, որով քննիչներն իրավունք կունենան կրելու մարտական նշանակության բացառապես ատրճանակ:

Արփինե Սարգսյանը, շեշտելով, որ Արսեն Այվազյանի դիտարկումները լիովին ընդունելի և օբյեկտիվ են, նշել է, որ երեք հիմնադրութային սկզբունքների՝ մարդու իրավունքների, գործող քաղաքականության, տարածաշրջանային գործող կանոնների հենքով է, որ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող վերոնշյալ փոփոխությունից:

«Հասկանում եմ, որ ունենք զենքեր, որոնց հետ կապված առկա են խնդրահարույց իրավիճակներ: Կառավարության առաջարկը հետևյալն է. քանի դեռ ծառայողական զենքը տարածաշրջանում պահպանվում է, իսկ ԵԱՏՄ կանոնակարգերով այդ զենքերը կան, և մենք մեր օրենսդրությամբ պետք է պահպանենք կանոնները»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը:

Պատգամավորները մտքեր են փոխանակել ծառայողական, մարտական զենքերի տարբերության, կիրառման, փոխարինման հարցերի վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնութունը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: