կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան

Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան

Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստի ժամանակ իր խոսքում ասաց Լեւոն Քոչարյանը:

Դիմելով դատավորին, նա ասաց. «Գործը ձեզ է մակագրվել, չեմ կարծում՝ որեւէ դատավոր ուրախ կլիներ այս գործն ունենալ, բայց ունենք այն, ինչ ունենք: Դատավորն ու դատախազը չեն սիրում, երբ իրավականից դուրս ինչ-որ քննարկում է ծավալվում: Գիտեք, այս դեպքում շատ դժվար է մնալ զուտ իրավականի մեջ։ Եթե լինեինք իրավականի մեջ ես այստեղ չէի լինի: Ես հասկանում եմ, որ դատախազներն ուզում են զուտ իրավական պրոցես ցույց տան, բայց գործի էությունը քաղաքական է, ինչքան էլ արգելեք դրա մասին խոսել: Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք:

Դրա համար չենք կարող ամբողջությամբ քաղաքական պրոցեսի ծնունդը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից: Ես չէի կարող հայտնվել այստեղ այդքան տեսանյութերի առկայության պայմաններում, չէի կարող ես այստեղ հայտնվել սուտ ցուցմունքների հիման վրա: Չէի կարող ես այստեղ լինել այն պարագայում, որ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրում հանցագործություններն աճում են, այս մարդիկ դրանով պետք է զբաղված լինեին, բայց հարկատուների միջոցները մսխում են այսպիսի իմաստազուրկ գործերի վրա, այնքան որ քաղաքական հակառակորդների վրա ճնշում բանեցնեն: Հիմք բողոքում եք դրանից, բողոքում եք՝ չբերեիք այս գործը դատարան»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Անդրադառնալով բուն գործին, պատգամավորն ասաց, որ այս ամբողջ ընթացքում ոչ ոք իրեն չի հարցրել այն հանգամանքի մասին, որը դրված է մեղադրանքի հիմքում. «Ինչու էի ես քայլում դեպի ոստիկանները: Որովհետեւ իրենք չեն ուզում իմանալ՝ ինչ է եղել: Իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է եղել, բայց դա իրենց հետաքրքիր չէ: Իրենց խնդիրը ինձ փակ պահելն է եղել: Հետո դուրս եկա, եթե այդպես չլիներ, ես մինչեւ հիմա կալանքի տակ էի լինելու եւ այստեղ ուրիշ հարց էր քննարկվելու:

Մեր ընտանիքն արդեն 5 տարի է՝ անցնցում է այս ամենի միջով, սովոր ենք: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Չգիտեմ՝ զուգադիպություն է, թե ոչ, նիստը նշանակվում է երեքշաբթի ժամը 1-ին: Դա այն օրն է, երբ հորս հետ կապված  մի քանի տարի շարունակ նիստեր են նշանակվել: Հավատում եմ, որ զուգադիպություն է, ուղղակի հետաքրքիր զուգադիպություն է»,-ասաց նա:

  • Կիսվել: