երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձրագույն դատական խորհուրդը 2023թ․ առաջին կիսամյակում 7 դատավորի լիազորություն է դադարեցրել

Բարձրագույն դատական խորհուրդը 2023թ․ առաջին կիսամյակում 7 դատավորի լիազորություն է դադարեցրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպութունը 2023 թվականին ևս շարունակել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկումը և կայացված որոշումների ուսումնասիրությունը։ 

Ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023թ․ հունվարից հունիս ամիսներն քննված 14 վարույթներ և դրանց արդյունքում կայացված որոշումները։ 

Ուսումնասիրված վարույթների գերակշիռ մասը՝ թվով 12 գործ կամ վարույթների 85%-ը, հարուցվել է Արդարադատության նախարարի կողմից, մնացյալ երկուսը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից։ 

Դիտարկված 14 վարույթներով ներգրավված են եղել 17 դատավորներ։ Վարույթներից կեսի պարագայում՝ 7 գործով, կարգապահական վարույթ հարուցված է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարող դատավորներիի նկատմամբ։ Մյուս 6 գործերով ներգրավված դատավորները պաշտոնավարել են, համապատասխանաբար հետևյալ դատարաններում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում։ Իսկ ուսումնասիրված գործերից մեկով վարույթը հարուցված է եղել 4 դատավորի նկատմամբ, ովքեր պաշտոնավարել են Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և երկուսը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում։ 

Ուսումնասիրված 14 վարույթներից 9-ի պարագայում Խորհրդի կողմից որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որից 5-ի պարագայում էական կարգապահական խախտման հիմքով 7 դատավորների լիազորությունները դադարել են։ Վարույթներից մեկը վերաբերել է 4 դատավորների, որի շրջանակներում 3 դատավորի լիազորություններ դադարեցվել են, չորրորդի կողմից մինչև ԲԴԽ որոշման կայացումը ներկայացվել է պաշտոնից հրաժարականի դիմում։ Այս մասով վարույթը կարճվել է: 3 գործով դատավորի նկատմամբ Խորհուրդը ընտրել է նկատողություն կարգապահական պատասխանատվության տեսակը, 1 գործով՝ նախազգուշացում տույժի տեսակը։ 

5 գործով՝ պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժվել է, որոնցից 4-ի դեպքում արարքի նվազ կարևորության հիմքով։ 

Վերհանված ինչպես օրենսդրական կարգավորումների դեռևս առկա, այնպես էլ պրակտիկայի խնդիրներն ու առանձնահատկությունները ամփոփվել են զեկույցում։ Վերհանված խնդիրների առնչությամբ ներկայացվել են նաև համապատասխան առաջարկություններ։

  • Կիսվել: