երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ազդարարման համակարգի կատարելագործման քայլերն ու օրենսդրական բարեփոխումները ներկայացվել են քաղհասարակության ներկայացուցիչներին

Ազդարարման համակարգի կատարելագործման քայլերն ու օրենսդրական բարեփոխումները ներկայացվել են քաղհասարակության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ՝ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկում, որի ընթացքում պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության մասնակցությամբ քննարկվել են ազդարարման ինստիտուտի վերաբերյալ առկա կառուցակարգերը, դրանց շրջանակներում առաջացած, ինչպես նաև առաջացման ռիսկ ենթադրող հնարավոր իրավական և գործնական խնդիրները:
 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ բացման խոսքում արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է ազդարարման ինստիտուտի դերը որպես կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորման կարևորագույն հիմնաքար և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Լիանա Թովմասյանը կարևորել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված՝ ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացվելու են իրազեկման և կրթական մի շարք միջոցառումներ:
 
Փորձագիտական քննարկման ընթացքում քննարկման առարկա են դարձել ներքին, արտաքին և հանրությանը ազդարարման տեսակների վերաբերյալ առկա կառուցակարգերի առնչությամբ գործնականում առաջացող խնդիրները, ազդարարման պատասխանատուների գործունեության ընթացքում ի հայտ եկած ռիսկերը, ինչպես նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմների կիրառելիության և դրա արդյունքում վերհանված իրավական խնդիրները:
 
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները:
 
Ամփոփելով՝ նախարարի խորհրդականը կարևորել է ինստիտուտի լավարկման շրջանակում իրականացվող քննարկումները՝ միաժամանակ նշելով, որ ոլորտի իրավական բարեփոխումների համատեքստում նախարարությունը պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել բոլոր մտահոգություններն ու առաջարկները և դրանք հաշվառել հետագա իրավական գործընթացների շրջանակում:

  • Կիսվել: